четверг, 16 февраля 2017 г.

«Ռեալի» դեմ խաղից առաջ Մարադոնան եղել է «Նապոլիի» հանդերձարանում

Արգենտինայի հավաքականի, իտալական «Նապոլիի» ու «Բարսելոնայի» նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան նախօրեին ներկա է եղել «Նապոլիի» եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին:
Մադրիդում կայացած հանդիպումից առաջ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը հանդերձարանում զրուցել է «Նապոլիի» խաղացողների հետ, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ Արքայական ակումբը տնային հաղթանակ էր տարել 3:1 հաշվով: «Ռեալի» ու «Նապոլիի» միջեւ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 7-ին Նեապոլում:

Լուիս Էնրիկե. 4:0 հաշիվն արտացոլում է խաղադաշտում տեղի ունեցածը



«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկե Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո կիսվել է տպավորություններով:
«Ամեն բան պարզ է: Մրցակիցն ավելի ուժեղ էր գնդակով ու առանց դրա: Նրանք հաղթեցին մենապայքարներում ու խաղում էին ավելի արդյունավետ: Հաշիվը խաղադաշտում տեղի ունեցածի արտացոլանքն է: Չեմ կարծում, որ այստեղ անհրաժեշտ են այլ բացատրություններ: Սա սպորտ է, որում առանց խնդիրների չի լինում: Պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Մեղավոր է մարզիչը, խաղացողները՝ նույնպես, քանի որ նախկինում նրանք հաղթում էին:
Առաջին խաղակեսից հետո իրավիճակն արդեն շատ բարդ էր: Մենք փորձում էինք վերադառնալ խաղ, սակայն հետո բաց թողեցինք երրորդ ու չորրորդ գոլերը: ՊՍԺ-ն ոչնչով չզարմացրեց: Մենք խաղից առաջ խոսում էինք նրանց պրեսինգի մասին, սակայն դա չի նշանակում, որ մենք կարող ենք դիմակայել դրան: ՊՍԺ-ն խաղաց այնպես, ինչպես մենք ակնկալում էինք: Մրցակիցը ցույց տվեց իր լավագույն ֆուտբոլը: Սակայն ես չեմ կորցնում հույսը: Պատասխան խաղում պետք է խփենք 5 գոլ: Ես վստահ եմ իմ խաղացողների ուժերին»,- մարզիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնային» Ֆրանսիայի չեմպիոնը հաղթել էր 4:0 հաշվով: Պատասխան խաղը կկայանա մարտի 9-ին Կատալոնիայում: 

Չեմպիոնների լիգա. 10 գոլ՝ «Ռեալ» - «Նապոլի», «Բավարիա» - «Արսենալ» հանդիպումներում




Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» կամային հաղթանակ տարավ իտալական «Նապոլիի» նկատմամբ՝ 3:1: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը գոլ բաց թողեց արդեն 8-րդ րոպեին, սակայն 10 րոպե անց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի գոլի շոնրհիվ վերականգնեց հավասարությունը:
Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող «Ռեալը» երկրորդ խաղակեսում եւս երկու գոլ խփեց: Աչքի ընկան գերմանացի Տոնի Կրոսն ու բրազիլացի Կազեմիրոն:
Օրվա մյուս խաղում Մյունխենի «Բավարիան» տանը ոչ մի շանս չտվեց Լոնդոնի «Արսենալին»՝ 5:1: Հոլանդացի Արյեն Ռոբենը հեռվից կատարած գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Դրանից հետո հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը: Չիլիացի Ալեքսիս Սանչեսը անհաջող իրացրեց 11 մետրանոցը, սակային դրվագի շարունակությունում կարողացավ գրավել Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը: Ընդմիջումից հետո «Բավարիան»: Ռոբերտ Լեւանդովսկու, Թոմաս Մյուլերի գոլերի եւ Տիագո Ալկանտարայի դուբլի շնորհիվ զգալի առավելություն ձեռք բերեց լոնդոնյան խաղից առաջ:
Պատասխան հանդիպումները մարտի 7-ին են:
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Նապոլի» (Իտալիա)` 3:1
Քարիմ Բենզեմա, 18, Տոնի Կրոս, 49, Կազեմիրո, 54 - Լորենցո Ինսինյե, 8
«Բավարիա» (Գերմանիա) - «Արսենալ» (Անգլիա)` 5:1
Արյեն Ռոբեն, 11, Ռոբերտ Լեւանդովսկի, 53, Տիագո Ալկանտարա, 56, 63, Թոմաս Մյուլեր, 88 - Ալեքսիս Սանչես, 30
Չիրացրած 11մ՝ Ալեքսիս Սանչես, 30

Լուիս Էնրիկեի գլխին սեւ ամպեր են կուտակվում




Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ից 0։4 հաշվով կրած պարտությունից հետո «Բարսելոնայի» ղեկավարությունը մտածում է գլխավոր մարզիչի փոփոխության մասին:
AS-ի համաձայն՝ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ-Մարիա Բարտոմեուն առաջիկայում կհանդիպի կատալոնական ակումբի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնադեսի հետ՝ քննարկելու այդ հարցը: Մինչեւ վերջերս «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում էր թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին համոզել երկարաձգել այս մրցաշրջանի վերջում ավարտվող պայմանագիրը, սակայն հիմա մտափոխվել է:
Mundo Deportivo-ն էլ գրում է, որ ՊՍԺ-ի դեմ անհաջող խաղից հետո «Բարսելոնայի» առաջատարները հանդիպել են եւ քննարկել ստեղծված իրավիճակը: Նշվում է, որ ֆուտբոլիստները համաձայն չեն Լուիս Էնրիկեի մի շարք որոշումների հետ: Խոսքը տակտիկական մտահղացումների, ռոտացիայի եւ փոխարինումների մասին է: Ինչ վերաբերում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին, ապա նրանք խնդիրներ չունեն իրար հետ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» եւ ՊՍԺ-ի միջեւ պատասխան հանդիպումը մարտի 8-ին է։

Եվրոպայի լիգա. Մեկնարկում է փլեյ-օֆֆը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում փետրվարի 16-ին կմեկնարկի փլեյ-օֆֆը:
1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի ֆրանսիական «Սենտ Էթյենը», որի դեմ առաջին խաղն անգլիական ակումբը կանցկացնի տանը:
Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին խաղեր
«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 20:00 (Երեւանի ժամանակով)
«Գենտ» (Բելգիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 22:00
«Ռոստով» (Ռուսաստան) - «Սպարտա Պրահա» (Չեխիա)՝ 22:00
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա) - «Ֆիորենտինա» (Իտալիա)՝ 22:00
«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 22:00
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Օսմանլիսպոր» (Թուրքիա)՝ 22:00
«Սելտա» (Իսպանիա) - «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա)՝ 22:00
«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 22:00
«Աստրա» (Ռումինիա) - «Գենկ» (Բելգիա)՝ 22:00
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Սենտ Էթյեն» (Ֆրանսիա)՝ 00:05 (փետրվարի 17)
«Աթլետիկ» (Իսպանիա) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 00:05
«Լեգիա» (Լեհաստան- «Այաքս» (Հոլանդիա)՝ 00:05
«Անդերլեխտ» (Բելգիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 00:05
«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 00:05
«Հապոել Բեր Շեւա» (Իսրայել) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 00:05
ՊԱՕԿ (Հունաստան) - «Շալկե» (Գերմանիա)՝ 00:05

«Ռեալի» ու Ռոնալդուի ռեկորդները




Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իտալական «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում օգնելով գոլ խփել գերմանացի Տոնի Կրոսին, 31-րդ գոլային փոխանցումն է կատարել այս մրցաշարում՝ սահմանելով ռեկորդ, հայտնում է Statbunker-ը:
Ռոնալդուն դարձել է Չեմպիոնների լիգայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը՝ շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզին, որը կատարել է 30 փոխանցում: Այդ ցուցանիշով երրորդ տեղում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին՝ 24 փոխանցում:
Արքայական ակումբն էլ կրկնել է սեփական ռեկորդը՝ բոլոր մրցաշարերում գոլ խփելով 41-րդ խաղում անընդմեջ: Նախորդ անգամ «Ռեալը» գոլ խփել չի կարողացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ 2016-ի ապրիլի 26-ին կայացած Չեմպիոնների լիգայի արտագնա խաղում, որն ավարտվել էր 0:0 հաշվով:
Հիշեցնենք, որ Արքայական ակումբը հաղթել էր 3:1 հաշվով: «Ռեալի» ու «Նապոլիի» միջեւ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 7-ին Նեապոլում:

пятница, 10 февраля 2017 г.

«Չելսիի» ռեւանշն ու Ազարի արտակարգ գոլն «Արսենալին»


«Չելսին» «Արսենալի» նկատմամբ ռեւանշի հասավ ֆուտբոլի Անգլիայի առաջնության առաջին շրջանում կրած 0:3 հաշվով պարտության համար: Պրեմյեր լիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղը տեղի ունեցավ «Չելսիի» խաղադաշտում եւ ավարտվեց Անտոնիո Կոնտեի թիմի հաղթանակով՝ 3:1 հաշվով:
Խաղի սկզբնամասն անցում էր հավասար պայքարում: 13-րդ րոպեին «Չելսին» բացեց հաշիվը, սակայն գոլը ստացվեց սկանդալային: Տանտերերի իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն գոլի դրվագում օդային պայքարի ժամանակ արմունկով հարվածեց իր հայրենակից Հեկտոր Բելերինի գլխին, բայց մրցավարը կանոնների խախտում չտեսավ այդ դրվագում: Հարվածն այնքան ուժեղ էր, որ Բելերինը չկարողացավ շարունակել խաղը: Առաջին խաղակեսում «Արսենալն» ունեցավ հաշիվը հավասարեցնելու հնարավորություն, թեեւ թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, աչքի ընկնելով անհատական բարձր վարպետությամբ, կրկնապատկեց հաշիվը: Ազարը գնդակը ստացավ կենտրոնում եւ միայնակ «ճեղքեց» հյուրերի պաշտպանությունն ու հաշիվը դարձրեց 2:0: Այդ գոլից հետո «Չելսին» սկսեց խաղալ երկրորդ համարով, իսկ «Արսենալը» ստացավ տարածքային առավելություն, ինչը գոլի վերածել չէր հաջողվում: 85-րդ րոպեին գնդակը նաեւ երրորդ անգամ հայտնվեց հյուրերի դարպասում: Փոխարինման դուրս եկած Սեսկ Ֆաբրեգասն օգտվեց Պետր Չեխի սխալից եւ գրավեց իր նախկին թիմի դարպասը, բայց գոլը չտոնեց: Ավելացված ժամանակում «Արսենալից» հաշիվը կրճատեց փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն:
«Չելսին» 59 միավորով առաջատարն է եւ 12 միավոր գերազանցում է «Արսենալին», որը մեկ խաղ պակաս անցկացրած «Տոտենհեմի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:
Անգլիայի առաջնություն,  24-րդ տուր
«Չելսի» - «Արսենալ»՝ 3:1
Մարկոս Ալոնսո, 13, Էդեն Ազար, 53, Սեսկ Ֆաբրեգաս, 85 - Օլիվյե Ժիրու, 90+1
«Չելսի». Տիբո Կուրտուա, Սեզար Ասպիլիկուետա, Դավիդ Լուիս, Գերի Կեհիլ, Վիկտոր Մոզես (Կուրտ Զումա, 88), Մարկոս Ալոնսո, Ն՛Գոլո Կանտե, Նեմանյա Մատիչ, Էդեն Ազար (Սեսկ Ֆաբրեգաս, 84), Պեդրո (Վիլիան, 84), Դիեգո Կոստա:
«Արսենալ». Պետր Չեխ, Հեկտոր Բելերին (Գաբրիել, 13), Շկոդրան Մուստաֆի, Լորան Կոսելնի, Նաչո Մոնրեալ, Ֆրանսիս Կոկլեն (Օլիվյե Ժիրու, 65), Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլեն, Մեսութ Օզիլ, Ալեքս Իվոբի, Թեո Ուոլքոտ (Դենի Ուելբեկ, 70), Ալեքսիս Սանչես:

Մոուրինյո. Մխիթարյանն այժմ հրաշք է գործում խաղադաշտում




Հենրիխ Մխիթարյանն այժմ հրաշք է գործում խաղադաշտում, իսկ մրցաշրջանի սկզբում պաշտպանում էի նրան՝ չընդգրկելով կազմում, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն «Լեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո:
«Մխիթարյանն այժմ իսկապես շատ լավ է խաղում: Ինչ վերաբերում է մրցաշրջանի սկզբում նրան քիչ խաղային ժամանակ տրամադրելուն, ապա երբեմն խաղացողին պաշտպանելու լավագույն միջոցը կազմում չընդգրկելն է: Լրագրողների կարծիքով, եթե մարզիչը խաղացողին չի ընդգրկում կազմում, ապա նա... Չեմ կարողանում անհրաժեշտ բառը գտնել, թե ինչ է այդ դեպքում մարզիչը: Բայց երբեմն մարզիչներն այդպես պաշտպանում են ֆուտբոլիստներին: Մխիթարյանի հետ կապված իրավիճակն հենց այդ կարգի էր: Նա հարմարվում էր: Դուք չեք տեսնում, իսկ ես տեսնում եմ նաեւ այն, ինչ խաղացողներն անում են խաղադաշտից դուրս: Այժմ Մխիթարյանը շատ լավ է խաղում:
Այս հաղթանակը շատ կարեւոր է մեզ համար, քանի որ նախորդ խաղում տանը երկու միավոր կորցրինք եւ ունեինք երեք անընդմեջ ոչ ոքի: Ես երջանիկ եմ, հոկտեմբերից պարտություն չենք կրել առաջնությունում: Եթե ոչ պարտադիր ոչ ոքիներն էլ կարողանայինք հաղթանակով ավարտել, ապա կլինեինք զարմանալի իրավիճակում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն: 
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Լեսթերին» հաղթել է 3:0 հաշվով, Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ՝ ճանաչվելով հանդիպման լավագույն խաղացող:

Դեւիսի Գավաթ. Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը մեկնարկեց պարտությամբ




Թենիսի Դեւիսի գավաթի խաղարկության (աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնություն) համաշխարհային խումբ վերադարձած Ռուսաստանի հավաքականն առաջին շրջանում մրցում է Սերբիայի թիմի հետ: Դիմակայության առաջին մրցախաղում Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը հանդիպել է Վիկտոր Տրոիցկու հետ եւ պարտվել է  4:6, 7:6 (7:3), 3:6, 6:1, 6:7 (6:8) հաշվով: Հանդիպումը տեւել է 4 ժամ 31 րոպե:
Սերբիա - Ռուսաստան զույգի հաղթողը դուրս կգա քառորդ եզրափակիչ, պարտվողը սեպտեմբերին կայանալիք փլեյ-օֆֆում կպայքարի Համաշխարհային խմբում տեղը պահպանելու համար:

Երկրորդ ամիսն անընդմեջ Հենրիխ Մխիթարյանի գոլը ճանաչվում է լավագույնը





Անգլիայի գավաթի խաղարկության չորրորդ շրջանի խաղում «Ուիգանի» դարպասը Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն գոլը հունվարին: Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթել էր 4:0 հաշվով: Անգլիական ակումբի պաշտոնական կայքի անցկացրած քվեարկությունում Մխիթարյանի գոլը ստացել է ձայների 52 տոկոս: 43 տոկոսով երկրորդ տեղում է անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի գոլը «Սթոք Սիթիի» դեմ խաղում: Երրորդ տեղում գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի գոլն է «Ուիգանի» դարպասը՝ 3 տոկոս:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին եւս «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն գոլի հեղինակ էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյան. Խաղային սխեմայի փոփոխությունն աշխատեց այս անգամ





«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Լեսթերի» դեմ Անգլիայի առաջնության 24-րդ տուրի խաղում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:
«Մարզիչը խաղից առաջ մեզ ասել էր, որ եթե 2 հարձակվողներով սխեման չաշխատի, մենք պետք է փոխենք այն: Այնպես որ, դա նորություն չէր մեզ համար:
Նախորդ խաղերում էլ կարող էիք նկատել, որ մենք հեշտությամբ կարող ենք փոխել խաղային սխեման: Կարծում եմ՝ այս անգամ դա աշխատեց, քանի որ սկսեցինք խաղալ ավելի լավ: Կարեւոր չէ, թե որ դիրքում ես խաղում: Այս խաղում մարզիչը որոշեց, որ պետք է հանդես գամ ենթահարձակվողի դիրքում, իսկ ես փորձում էի խաղալ հնարավորինս լավ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերին» հաղթել էր 3:0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման:

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանն առաջադիմել է




Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հունվարի ամփոփիչ դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 9-րդ տեղից բարձրացել է 7-րդ տեղ:
Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Լավագույն տասնյակում են նաեւ ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն ու հոլանդացի Անիշ Գիրին:
Հայաստանի հավաքականի շախմատիստներից Սերգեյ Մովսեսյանը 62-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 67-ը, Գաբրիել Սարգսյանը՝ 86-ը:

суббота, 4 февраля 2017 г.

Հենրիխ Մխիթարյան. Իսկապես վայելում եմ մանչեսթերյան կյանքը





«Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է անգլիական ակումբում հարմարվելու մասին եւ անդրադարձել իր թիմակից Պոլ Պոգբային:
«Իսկապես վայելում եմ մանչեսթերյան կյանքը, մարզումները, խաղերն ու ամեն բան: Արդեն հարմարվել եմ եւ աշխատում եմ ավելի լավը դառնալու համար: Գիտեմ, որ ի զորու եմ անել ավելին:
Գալով Մանչեսթեր՝ գուցե իմ ամբողջ ներուժը չցուցադրեցի բոլոր խաղերում, սակայն փորձում եմ դրսեւորել լավագույն որակներս, քանի որ դա կարեւոր է իմ, երկրպագուների ու ակումբի համար: Հնարավոր է, որ ոչ միշտ է ստացվում, բայց ես շարունակում եմ աշխատել եւ փորձում առաջադիմել: Կյանքում լինում են օրեր, երբ ամեն բան հարթ չէ ընթանում, սակայն ես պատրաստ էի դրան, քանի որ նման իրավիճակում հայտնվել էի Դորտմունդում:
«Մանչեսթեր Յունայթեդում» ֆուտբոլիստները շատ ընկերասեր են եւ փորձում են օգնել քեզ: Ակումբը փորձում է լուծումներ գտնել, երբ դու ունես խնդիրներ: Այստեղ գալուց 1 կամ 2 ամիս անց ես զգում էի, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մի մասն եմ:
Ինչ վերաբերում է Պոլ Պոգբային, նա ունի մեծ ներուժ: Պոլը կարող է խաղալ ավելի լավ եւ բազմիցս ապացուցել է դա: Նրան ավելի շատ ժամանակ է հարկավոր հարմարվելու համար, քանի որ այնքան էլ հեշտ չէ, երբ քեզ ձեռք են բերել 89 միլիոն ֆունտով: Գուցե մարդիկ անհավանական բաներ ու հրաշքներ են ակնկալում Պոգբայից, սակայն բոլորը պետք է հասկանան, որ նա սովորական մարդ է, ֆուտբոլիստ է»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 13 խաղի եւ դարձել 2 գոլի հեղինակ:

FORBES. ՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՄԱՐԶԻԿ



Հեղինակավոր Forbes պարբերականը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը: Ցանկը կազմելիս հաշվի են առնվել մարզիկների 2016 թվականի եկամուտները՝ ստացված աշխատավարձից, տարատեսակ բոնուսներից ու գովազդային պայմանագրերից:
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գլխավորում է ցուցակը՝ վաստակելով 88 միլիոն դոլար: Նա 56 միլիոն դոլար է ստացել «Ռեալից», մինչդեռ մնացած 32 միլիոնը վճարել են գովազդային գործընկերները:
Պորտուգալացի աստղին հաջորդում է նրա մշտական մրցակիցը՝ Լիոնել Մեսսին՝ 81,4 միլիոն դոլար եկամուտով: Արգենտինացին 53,4 միլիոն դոլար է վաստակել ակումբում:
Երրորդ տեղում հայտնի բասկետբոլիստ ԼեԲրոն Ջեյմսն է: «Կլիվլենդ Կավալիերսի» առաջատարը նախորդ տարի իր բանկային հաշվին ավելացրել է 77,2 միլիոն դոլար, որի առյուծի բաժինը ստացել է գովազդային պայմանագրերից՝ 54 միլիոն դոլար: «Կավալիերսից» ստացված եկամուտը կազմել է «ընդամենը» 23,2 միլիոն դոլար:
«Ռեալից» 100 լավագույնների ցուցակում հայտնվել են նաև Գարեթ Բեյլը՝ 25-րդ տեղ, և Խամես Ռոդրիգեսը՝ 83-րդ տեղ: